ԱՆ-ն մշակում է սրտանոթային հիվանդությունների բուժման 5-10 տարվա ռազմավարություն․ գլխավոր սրտաբան

23 հոկտեմբերի, 2017  19:14

Հայաստանի Առողջապահության նախարարությունը մշակում է սրտանոթային հիվանդությունների բուժման 5-10 տարվա ռազմավարական ծրագիր։ Այս մասին NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը պատրաստում է այդ ծրագիրը։ «Դա բավականին լուրջ ծրագիր է, ու մենք արդեն սկսել ենք այն մշակել»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է տվյալ ծրագրի շրջանակում մեղմացնել անվճար ստենտավորման ծրագրի չափանիշները՝ Համլետ Հայրապետյանն ասաց, որ խոսքն առայժմ ավելի լայն, ռազմավարական մոտեցումների մասին է։ «Մշակվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ու բուժման հանդեպ ընդհանուր մոտեցման ռազմավարությունը։ Սրտի պաթոլոգիաների բուժման ո՞ր ոլորտներն է պետք զարգացնել, ո՞ր մարզերում, ի՞նչն է առավել արդիական։ Մանրամասները բխելու են այդ ծրագրից այն գումարների շրջանակներում, որոնք հատկացվելու են դրա իրականացման համար»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում